Մասնագետները զգուշացնում են՝ արևի ճառագայթները վնասում են մաշկը, աչքերն ու իմունային համակարգը։
Մշտապես փակի տակ՝ ստվերում մնալ անհնար է, էլ չասենք, որ շատերը գերադասում են հանգստանալ արևի տակ:
Ֆիզիոթերապևտ, մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ պետք չէ արևին համարել թշնամի ու զգուշանալ, քանի որ առանց արևի կյանք չկա. «Արևը էներգիայի աղբյուր է, արևն է լույս պարգևում մեզ, արևի ճառագայթները պահպանում են Երկրի կյանքը: Մարդը, որպես միկրոտիեզերք, պետք է կարողանա տարվա բոլոր եղանակներին համահունչ ապրել, չափի զգացողություն ունենալ, հարկ եղած դեպքում՝ պաշտպանվել: Եթե փոթորիկ է, պետք դուրս չգաս տնից, եթե ջուրը գալիս է քեզ վրա, պետք է փախչես: Հիմա, պետք է ժամը 10-00–16-00–ն, երբ ուլտրամանուշակագույն ճառագայթումն ավելի ուժեղ է, արևի տակ լինելուց զգուշանալ: Ի վերջո, կարելի է օգտագործել լայն ապակիներով ակնոց, լայնեզր գլխարկ, հովանոց: Պետք է հաշվի առնել ֆիզիկական վիճակը, տարիքը, մաշկի գույնը (մաշկի մուգ գույն ունեցողներն ավելի պաշտպանված են արևի վնասակար ճառագայթներից): Ամենակարևորը՝ ճիշտ չափաբաժինն է ու կարգուկանոնը»:
Գագիկ Կարապետյանը հիշատակեց նաև Արազու «Արևը» հայտնի պատմվածքը. «Տան խոնավ պատերից պաշտպանվելու, կենսականորեն անհրաժեշտ պայմաններ ապահովելու, գոյություն ունենալու համար Արև էր պետք էր»,- ընդգծեց նա:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ